Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.

Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական փառատոնը. փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը՝ Հայաստանի հետ իր կապերի և Հայոց ցեղասպանության մասին

169
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 02:05
Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական փառատոնը. փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը՝ Հայաստանի հետ իր կապերի և Հայոց ցեղասպանության մասին

Այսօր մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնի մասին լրագրողների հետ խոսեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը և Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր խոսքում կարևորեց միջազգային ասպարեզում մեծ ճանաչում ունեցող արտիստների այցելությունները Հայաստան։ Սերգեյ Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց ևʹ մենակատարներին, որոնք մաս են կազմում փառատոնին, ևʹ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, ում ղեկավարած միջազգային մշակութային կառույցը աջակցում է դասական երաժշտությանը։ Փառատոնային 5 համերգներից 3-ը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը, իսկ 2-ը՝ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆը:

Սերգեյ Սմբատյանը, պատասխանելով լրագրողի՝ մշակութային տուրիզմի զարգացմանն առնչվող հարցին, նշեց, որ Հայաստանն այդ առումով մեծ հեռանկարներ ունի, և այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն։

Կոնստանտին Իշխանովը նշեց, որ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը փառատոներ է անցկացնում տարբեր երկրներում, աջակցում երաժիշտներին։ Նա նկատեց, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։ «Արմենիա» առաջին փառատոնից հետո, որ կայացել է մեծ հաջողությամբ, Մալթայում անցկացվել են Հայաստանի մշակութային օրեր, որոնց ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը իրեն հրաշալի է դրսևորել։ Մալթայում բոլորը զարմացած էին, ինչպես կարել է այդ օրերին միաժամանակ ևʹ փորձեր անել, ևʹ ելույթ ունենալ։ Ընդ որում՝ շատ բարձր մակարդակով։ Մեր համագործակցությունը շարունակվում է այսօր Երևանում»,- ասաց պարոն Իշխանովը։

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն իր խոսքում նշեց, որ նախորդ տարի է առաջին անգամ այցելել Հայաստան և շատ լավ հիշողություններ ունի։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրաշալի նվագախումբ է, շատ երջանիկ եմ, որ նրանք կատարում են իմ երաժշտությունը։ Շատ եմ սպասում առաջիկա համերգներին»,- ասաց կոմպոզիտորը։

Դաշնակահար Դենիս Կոժուխինը խոսեց այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած համերգի մասին։ Դաշնակահարը նշեց, որ նվագախմբում ջերմ մթնոլորտ է, ինչը փոխանցվել է նաև մենակատարին։ Խոսելով ներկայացվելիք ստեղծագործության՝ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտի մասին՝ նա ընդգծեց, որ այն շատ հետաքրքիր է և շարունակում է դասական կոմպոզիտորների ավանդույթները։

Ջութակահար Նիկոլայ Ցնայդերը ելույթ է ունենալու վաղը կայանալիք համերգի ընթացքում։ Նվագախմբի հետ կատարելու է Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը՝ ջութակի և նվագախմբի համար և Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Ջութակահարը նկատեց նաև, որ հայկական երաժշտական արվեստի հետ շփվել է Արամ Խաչատրյանի միջոցով, կատարել է Խաչատրյանի ստեղծագործություններից։

Լրագրողներից մեկը նկատեց՝ Շորի «Մեծ պաշարում» ստեղծագործությունը ներկայացնում է մալթացիների պայքարը Օսմանյան Թուրքիայի բանակի դեմ։ Այդ առումով Մալթայի և հայ ժողովուրդները որոշակի ընդհանրություններ ունեն։ Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ գիտի Ալեքսեյ Շորը Հայոց ցեղասպանության մասին։ Կոմպոզիտորը նշեց, որ ինքը միշտ իմացել է Հայոց ցեղասպանության մասին, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ Ինչ վերաբերում է Մալթայի և Հայաստանի միջեւ ընդհանրություններին, ապա ինքը նույնպես իր համար առանձնացրել է, որ Մալթայի Մեծ պաշարումը որոշակիորեն հիշեցնում է Մուսա լեռան հերոսամարտը։ «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեծագույն ողբերգություն է։ Եվ հետագա ցեղասպանությունները գուցե չլինեին, եթե աշխարհը արձագանքեր այն ամենին, ինչ տեղի ունեցավ հայերի հետ»,- ասաց Շորը։

Ալեքսեյ Շորը հետաքրքիր կապեր ունի Հայաստանի հետ։ Տարիներ առաջ նրա հայրը ապրել է Գյումրիում։ Լրագրողի այս նկատառմանը կոմպոզիտորը նշեց. «Ես իմ կյանքում միշտ լսել եմ խոսակցություններ այն մասին, որ հայրս մեծացել է Հայաստանում։ Եվ Հայաստանը ինձ համար հեռավոր, հեքիաթային երկիր էր, որտեղ մեծացել է հայրս։ Մենք միշտ երազել ենք միասին գալ այստեղ, և դա տեղի ունեցավ։ Մենք եղանք այն վայրերում, որտեղ ժամանակին հայրս ապրել է»։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։