Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արամ Մանուկյանը համազգային արժեք է բոլորիս համար՝ գիտակցենք, թե ոչ». Արթուր Եղիազարյան

503
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 00:05
«Արամ Մանուկյանը համազգային արժեք է բոլորիս համար՝ գիտակցենք, թե ոչ». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Առնո Բաբաջանյանի արձանը սկզբում ատողներ, իսկ հիմա՝ այն սիրող կամ նորմալ վերաբերվող, նրա հետ սելֆի անողներ ջան, կուզեմ մի բան հստակ հասկանալի լինի. Արամ Մանուկյանի արձանն արդեն փաստացի իրողություն է։
Եթե անգամ տեղի ընտրության հարցի ընթացակարգում ինչ-ինչ թերացում էլ եղել է (չնայած Երևանի գլխավոր ճարտարապետը հայտնում է, որ ամեն ինչ սահմանված կարգով է եղել), այլևս վիճարկել չի կարելի տեղանքը։ Քանի որ արձանն արդեն կանգնած է իր տեղում։ Իսկ այն իր չէ, որ վերցնես՝ տեղից տեղ տանես։
Այսօր տեսա, թե վերջին շինարարական աշխատանքներն ինչպես էին ընթանում։
Ներկայացնեմ արձանի տեղակայման ողջ ընթացքը։ Օրեր առաջ կառուցվեց պատվանդանը, որի հիմքերը ամրացված են երկաթբետոնով։ Այնուհետև հավաքվեց արձանի ստորին՝ եռագույնի երեք գույների բնական հատուկ քարերով, որոնք երկար ճանապարհ անցնելով՝ բերվել են արտերկրից։ Այդ քարերն այնպես են ամրացված, որ արդեն անհնարին է առանց կոտրելու իրարից անջատել։ Այնուհետև, երեկ՝ տեղադրվեց արձանի բրոնզե վերնամասը։ Ամրացվելուց հետո, արձանի գլխամասում առկա բացվածքով՝ երեկ և այսօր շինարարներն արձանի մեջ լցրեցին հեղուկ բետոն՝ արձանի ստորին մասից վերնամասի մեջ խոյացող ու ներսում ամրակցված մետաղաձողերը խիտ գրկելու համար։ Այսպիսով՝ արձանը դարձավ միակտոր։ Մոնոլիտ։
Արձանն այլևս անհնարին է տեղաշարժել։ Կարող է միայն ոչնչացվել՝ կոտրելով։ Այսինքն՝ ամուր մետաղաճոպաններով պետք է կապել ու հզոր տեխնիկայով ձգելով՝ կոտրելով տապալել։ Կամ՝ պայթեցնել։ Կամ՝ բուլդոզերով փշուր-փշուր անել։
Պատկերացրեցի՞ք։ Ես չպատկերացրեցի։ Ավելին՝ անգամ չպատկերացրեցի, թե ոնց կարող եք պատկերացնել արձանի ոչնչացումը։
Որովհետև սա ոչ միայն ուղղակի քանդակ հուշարձան է, այլ՝ Արամ Մանուկյանի արձանն է։ 600 տարի պետականություն չունենալուց հետո այն առանցքային հիմնադրողի արձանն է։ Անձնական շահ չունեցած ու կյանքը հայրենիքին նվիրած Արամի արձանն է։ Սարդարապատ առաջին հասնող ու հաղթող Արամի արձանն է։ Ներքին գործերի նախարար լինելով՝ տիֆով հիվանդ հայրենակիցներին անձամբ բուժող ու խնամող Արամի արձանն է։ Ու դրա արդյունքում՝ ինքն էլ տիֆով վարակվող ու մահացող Արամի արձանն է, մարդու, որն իմանալով իր մահամերձ լինելու մասին՝ վերջին դեղերն ի օգուտ այլ հայրենակիցների հրաժարված Արամի արձանն է։ Սադամ Հուսեինի արձանը չէ՛, որ նման ճակատագրի արժանանա։ Մենք էլ անհայրենիք թափառական ազգ չե՛նք, որ դեմ լինենք ու չգնահատե՛նք մի մարդու, ում մեծներդրման շնորհիվ պետություն ունենք այսօր։ ԱՐԱՄԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ՝ ԳԻՏԱԿՑԵՆՔ, ԹԵ ՉԳԻՏԱԿՑԵՆՔ։ Ու հավերժ իր հիշատակն անմահացնող հաստատուն հուշարձանն արդեն ունի։ Հանուն անկախ ապագա ցանկացող սերունդների ...