Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ

445
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 21:50
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ

Հունիսի 28-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորել հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ