Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԿԳ նախարարը «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել

599
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 22:25
ԿԳ նախարարը «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԳԱԱ համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններից էր, որի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու և լուծելու իրավասությունը պատկանում էր ՀՀ ԳԱԱ նախագահին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017 թվականի փետրվարին, որից հետո ՀՀ ԳԱԱ նախագահի հրամանով Հայկ Դեմոյանը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով նոր տնօրենի ընտրությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնօրենի պաշտոնակատարը մեկնել է ԱՄՆ, 2017 թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ նախագահի հրամանով ՀՑԹԻ տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, իսկ 2017 թ. հոկտեմբերի 23-ին՝ Գևորգ Վարդանյանը։
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմավորել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի: Նույն որոշմամբ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Հրանտի Վարդանյանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունիս ամսին Հայկ Դեմոյանը, վերադառնալով ԱՄՆ-ից և պարտադրելով տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանին հրաժարականի դիմում ներկայացել, ինքնակամ զբաղեցրել է ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի աշխատասենյակը, օգտագործել ծառայողական ավտոմեքենան՝ դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք, չհանդիսանալով ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն կամ պաշտոնակատար։
Անհասկանալի իրավիճակը պարզելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը զանգահարել է Հ. Դեմոյանին, ով ներկայացել է որպես ՀՑԹԻ տնօրեն և հայտարարել, որ չի պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ տնօրենի աշխատասենյակից։ Փոխնախարար Հովհաննիսյանը պարոն Դեմոյանին հայտնել է նման գործելակերպի անօրինականության մասին՝ ընդգծելով, որ հարցը կարող է լուծում ստանալ իրավապահների միջամտությամբ։
2018 թվականի հունիս ամսին Հ. Դեմոյանը նամակներ է ուղարկել աշխատակազմի անունից՝ հանդիպում խնդրելով թանգարանի աշխատակիցների հետ։ Բազմաթիվ նամակներին ի պատասխան՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ժամանել են ՀՑԹԻ, որտեղ և հանդիպում են ունեցել աշխատակազմի հետ, որի ընթացքում թանգարանի աշխատակիցները հավաստիացրել են, որ թանգարանի աշխատանքները ընթանում են բնականոն հունով, և հանդիպման ժամանակ որևէ մտահոգիչ հարց չեն հնչեցրել։ Նրանց տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու թանգարանի հոգաբարձուների խորհրդի նիստ և հայտարարվելու է մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Ինչ վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի «ներխուժմանը»՝ տեղեկացնենք, որ ՀՑԹԻ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է, և տվյալ պարագայում նախարարի և փոխնախարարի «ներխուժման» մասին խոսք լինել չէր կարող։
Անդրադառնալով թանգարան-ինստիտուտում Հայկ Դեմոյանի առանձնասենյակի խնդրին՝ նշենք, որ առնվազն անհասկանալի է, թե պետական հիմնարկում ինչպես կարող է լինել տվյալ հաստատությունում տնօրեն կամ փոխտնօրեն չաշխատող որևէ մեկի առանձնասենյակ։ Հավելենք, որ ՀՑԹԻ փոխտնօրենների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի աշխատասենյակում։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անընդունելի է համարում իրեն գիտնական համարող մարդու նման ոճով և բառապաշարով հրապարակային ելույթները: Միաժամանակ, կոչ ենք անում հայ ժողովրդի համար այս կարևորագույն կառույցը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, երբևէ չներքաշել սկանդալների, անձնական հարցերի լուծման և աթոռակռվի մեջ։