Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես այսօր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին կարգի հրավիրի». ԿԳ նախարարը Հայկ Դեմոյանի մասին

809
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 17:35
«Ես այսօր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին կարգի հրավիրի». ԿԳ նախարարը Հայկ Դեմոյանի մասին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է Հայկ Դեմոյանին.

«Կրթության և գիտության նախարարն ու նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են: Պարոն Դեմոյանն արդեն տևական ժամանակ որևէ պաշտոն չունի այդ ինստիտուտում: Կրթության և գիտության նախարարը գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության և անձնակազմի հետ, որովհետև տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված: Այսինքն մենք գնացել էինք որպես լիազոր մարմին, և պարոն Դեմոյանին պարզապես լրջանալու և սթափվելու կոչ եմ անում, որովհետև այն, ինչ որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Նա այնտեղ սենյակ չունի, աշխատասենյակ չունի, տևական ժամանակ որևէ պաշտոն չունի ինստիտուտում: Դեմոյանն այնտեղ թե՛ իրավական, թե՛ մնացած բոլոր առումներով պաշտոն չունի: Նախորդ տարի փետրվարին լրացել է նրա ժամկետը, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև մեկնել է Հայաստանից: Դեկտեմբերին ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է, դարձել է հիմնադրամ: Եվ կառավարության որոշմամբ նշանակվել է այլ պաշտոնակատար: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո. նրա վերադառնալուց հետո, ըստ պաշտոնակատարի, նա ամեն ձևով ստիպել է, որպեսզի պաշտոնակատարն ազատման դիմում գրի, և, ըստ էության, եկել է ու տնօրենի սենյակում է բազմել: Հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա երկրի ներսում, և ընդհանուր ինստիտուտի շուրջ հանգստություն պահելու համար մենք դրան պարզապես արձագանքել ենք՝ զգուշացնելով պարոն Դեմոյանին որևէ հակաօրինական քայլ չանել: Ներխուժումն ինքնին հակաօրինական է, ինստիտուտի մեքենան օգտագործելը հակաօրինական է, և մենք այդ ընթացքում նրան զգուշացրել էինք, որ կդիմենք ոստիկանություն: Եղան նամակներ, մենք գնացինք ինստիտուտ, հանդիպեցինք անձնակազմի հետ և բոլորին հարցրել ենք՝ արդյոք կա որևէ խնդիր, որևէ հարց բացի ֆինանսական փոխանցումներից չի հնչել: Եվ սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են: Եվ նա երևի սիրո և համերաշխության մթնոլորտը խառնում է ամենաթողության հետ, և ես այսօր համապատասխան գրությամբ կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին կարգի հրավիրի, որպեսզի այս ոչ մի պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, օրինականություն հաստատվի ինստիտուտում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը գրառում էր արել՝ նշելով, որ երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ներխուժել են իր առանձնասենյակ: