Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Յանկա Կուպալայի գրական ցուցահանդեսը

958
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 21:05
Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Յանկա Կուպալայի գրական ցուցահանդեսը

Լեռների և սրընթաց գետերի, խաղողի այգիների և բյուրեղյա աղբյուրների ձեր երկիր ինձ ուղարկել է թավախիտ անտառների և մարմանդ գետերի երկրի ժողովուրդը: Ինքնատիպ է մեր հայրենիքների գեղեցկությունը: Բայց միևնույն հոգին է ապրում նրանց մեջ…

Յանկա Կուպալա

Հունիսի 28-ին, ժամը 14:00 Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի ( Մինսկ, Բելառուս ) «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:

1939 թ. Կուպալան «Սասունցի Դավիթը» էպոսի 1000-ամյակին նվիրված հանդիսությունների պատվավոր հյուրն էր:

Հայաստան ճամփորդության ընթացքում բանաստեղծը ծանոթացել է մեր երկրի փառավոր պատմության և հարուստ մշակույթի հետ, այցելել պատմական հուշարձաններ, զմվայլվել հին վարպետների թողած գանձերով, տեսել հայ ժողովրդի հոգատար վերաբերմունքը հայրենի երկրի հանդեպ:

Յանկա Կուպալայի պոեզիան աշխարհին բացահայտում էր Բելառուսը, իսկ ինքր՝ պոետը, որպես ժողովրդական դիվանագետ, ներկայացնում էր հայրենիքը օտար երկրներում: Հայրենիքը, որպես յուրաքանչյուր ժողովրդին նախնիներից տրված մի անգին պարգև, գովերգված է Կուպալայի հանրահայտ «Ժառանգություն» բանաստեղծության մեջ: Հայ ընթերցողը ծանոթացավ Կուպալայի պոեզիային Հ. Հովհաննիսյանի, Աղավնու, Ն. Զարյանի, Ղ. Կոմունու, Ռ. Պողոսյանի, Պ. Սևակի, Մ. Խերանյանի թարգմանությունների միջոցով:

1951 թվականին լույս տեսավ պոետի բանաստեղծությունների ժողովածուն հայերենով: Կուպալայի թանգարանի ֆոնդերում պահվող օրինակը Հայաստանի ազգային գրադարանի նվերն է:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: