Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՆ-ն հորդորում է քաղաքացիներին չուտել լցնովի պաղպաղակ

766
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 21:05
ԱՆ-ն հորդորում է քաղաքացիներին չուտել լցնովի պաղպաղակ

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Այս առումով առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, իսկ քաղաքացիներին՝ զերծ մնալ արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերից գնելուց:

Առավել ռիսկային է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

• սննդամթերքը (միրգ-բանջարեղեն) լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

• պահել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում՝ սառնարանում,

• ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

• չգնել արևի տակ, բաց օդում, փողոցներում, բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք՝ միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

• սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

• սնունդը լավ եփել կամ տապակել՝ առնվազն 700C պայմաններում,

• պատահական վայրերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ

• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ հատկապես ընկալունակ են երեխաները: Այդ պատճառով սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակներից խուսափելու համար ԱՆ-ն հորդորում է նախադպրոցական ուսումնական և երեխաների ամառային հանգստի կազմակերպման հաստատություններում ուժեղացնել հսկողությունը ՀՀ տարածքում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սննդի ձեռք բերման, պատրաստման, պահպանման, իրացման պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ բացառել առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումքի և սննդամթերքի օգտագործումը:

Հարկ է նաև ուժեղացնել հսկողությունը հանրային սննդի, սննդարդյունաբերական, առևտրի կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ սահմանված պահանջների նկատմամբ, հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ժամանակ՝ հումքի ընդունման, վերամշակման, կաթնամթերքի արտադրության, տեղափոխման, իրացման և պիտանելիության ժամկետերի առումով: