Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով

349
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 22:10
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:

Չնայած հարցաքննության հրավիրելու մասին Պետական եկամունտների կոմիտեի հայտարարությանը՝ նախկին նախարարը պնդում է, որ ինքը նման ծանուցում չի ստացել:

«Ես իմ նախաձեռնությամբ երկուշաբթի օրը փոստից ճշտել եմ, որ նման փաստաթուղթ նամակով եղել է, և այդ շրջնակներում ես եղել եմ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Հաշվի առնելով նախաքննական բոլոր ընթացակարգերը՝ տվել եմ իմ պարզաբանումները»,- ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը, նախաքննական ընթացակարգերից ելնելով, այլ մանրամասներ չի հաղորդել, միայն ասել է, որ հարցաքննությունն առնչվում էր բանակի գործունեությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նախաքննությունը շարունակվում է: