Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Պետք է նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրենք». Վարուժան Սուքիասյան

537
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 02:15
«Պետք է նախաձեռնող ֆուտբոլ ցուցադրենք». Վարուժան Սուքիասյան

Հունիսի 19-ին Շվեյցարիայի Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտ»-ը կհանդիպի Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ «Սելթիկ»-ի հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ակումբի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում, մեկնաբանել է վիճակահանության արդյունքները և կիսվել «Սելթիկ»-ի հետ դիմակայությունից ակնկալիքներով:

«Մեզ ուժեղ մրցակից է բաժին հասել, որին, իհարկե, հարգում ենք: Բայց, վախենալու ոչինչ չկա: Պետք է կազմակերպված գործենք երկու խաղերում, ցուցադրենք նախաձեռնող ֆուտբոլ և փորձենք մեր կամքը թելադրել մրցակցին: Պետք չէ մոռանալ որ մենք հավաքականի կազմում միջազգային փորձ կուտակած մի շարք ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ փորձառու լեգիոներներ ունենք մեր կազմում: Ամենայն լրջությամբ ենք պատրաստվում «Սելթիկ»-ի հետ դիմակայությանը: Ամեն ինչ կանենք՝ գեղեցիկ խաղ ցուցադրելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշել է Սուքիասյանը:

Նշենք, որ «Ալաշկերտ» — «Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: «Սելթիկ» — «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով՝ 19:45-ին):