Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

246
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 15:35
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման բաց նամակը՝ վարչապետին.

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը շարժում է սկսել կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը՝ հիմք ընդունելով կաթողիկոսի՝ հայոց եկեղեցու Նվիրապետության սրբազան ուխտի և կանոնների դրժումն ու ոտնահարումն իր ողջ պատճառահետևանքային կապերով, ազգային հարստության (պատմամշակութային արժեքներ) մսխումը, քրեաօլիգարխիկ տարրերին սատարելը և նրանց հետ գործակցելը, ազգի համար կարևոր և եղերական իրադարձություններին չարձագանքելը, անհիմն կարգալուծությունները, եկեղեցիների և տարաբնույթ շինարարական աշխատանքներում ներգրավված շինարարներին և կազմակերպություններին հասանելիք գումարների յուրացումը, եկեղեցու ներսում որոշ հոգևորականների անբարտավան կեցվածքին և անօրինական գործողություններին, քրիստոնեական արժեքների անկմանը, տարաբնույթ աղանդավորական շարժումների աշխուժացմանը նպաստելը, սփյուռքը սոսկ ֆինանսական աղբյուր և սեփական նկրտումներին ծառայող քսակ դիտարկելը և այլն:

Այս ամենի հանգուցալուծումը տեսնում ենք միմիայն կաթողիկոսի հրաժարականով, որի համար «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պահանջում է հրավիրել եպիսկոպոսական կամ ներկայացուցչական ժողով՝ մասնակիցների ամբողջական կազմով:

Մայր Աթոռը, օգտագործելով ԶԼՄ-ի դեռևս կախյալ վիճակը որոշ ուժերից, որոնց հովանավորն է ներկայիս կաթողիկոսը, օգտագործում է հակաքարոզչական գործիքակազմը՝ անհիմն կերպով տարբեր հոգևորականների միջոցով խեղաթյուրելով շարժման նպատակը: Քանի որ ինքնապաշտպանության նպատակով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առանց հիմնավորման շարժումը որակում է որպես աղանդավորական, պաշտոնապես հայտարարում ենք, որ շարժումը կրում է հայոց եկեղեցու բարեկարգմանն ուղղված քաղաքական, սոցիալ-մշակութային բնույթ և չի շոշափում քրիստոնեական դավանանքի և հայոց եկեղեցու վարդապետությանը դեմ քարոզչություն կամ նոր ուսմունքի տարածում, ինչը բնորոշ է աղանդավորությանը: Այսինքն՝ շարժումը ոչ թե դեմ է հայոց եկեղեցուն, այլ հանուն եկեղեցու բարենորոգչության է:

Պարոն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ, որ օբյեկտիվորեն բարձրաձայնում եք որոշ ԶԼՄ-ի դեռևս կախյալ վիճակը՝ նրանց գործունեությունը որակելով որպես հակապետական քարոզչություն:

Շարժումը, կրելով «Առողջ պետություն, առողջ եկեղեցի» գաղափարախոսությունը, կոչ է անում կառավարությանը լրջորեն վերաբերվել շարժման կողմից հրատապորեն բարձրացված հարցին, որովհետև քրեաօլիգարխիկ տարրերից պետք է մաքրել ոչ միայն պետությունը, այլև հայոց եկեղեցին՝ ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի և իր կլանի: Ուստի, ակնկալում ենք պետության աջակցությունը ազգային պետական այս կարևոր գործը ցանկալի ավարտին հասցնելու համար և խնդրում ենք հետևողական լինելու ԶԼՄ-ի կողմից տեղեկատվության անաչառ լուսաբանմանը: