Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ է արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին

304
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 11:25
ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ է արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին

«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով՝ ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը և Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունն իր մեջ սակայն զգալի ռիսկեր է պարունակում, և մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը»,- նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով՝ ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը և օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը: