Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է

366
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 02:20
Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է

Ամուլսարում ջրերի անվտանգ կառավարման մասին Լիդիանի ստերը հերթով հոդս են ցնդում՝ դեռ շահագործումը չսկսած։ Տեղի բնակիչները տարբեր օրերի նկարահանած երկու տեսանյութեր են հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Լիդիանի շինարարական աշխատանքների արդյուքում լրիվ այլ որակի ջրեր են լցվում Արփա գետ։ Ստորև ներկայացված տեսանյութում ականատեսը պատմում է այդ խնդրի մասին։
Բազմիցս նշվել է, որ այս տարածաշրջանի ջրաբանական, երկրաքիմիական, ջրաերկրաբանական և երկրաձևաբանական բնութագրիչներն այնպիսին են, որ դրանք բերելու են անկառավարելի էկոլոգիական աղետալի հետևանքների՝ Ամուլսարում ոսկու բաց հանքի շահագործման և նատրիումի ցիանիդով տարրալվացման դեպքում։ Լիդիանի կողմից կառուցվող կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքում կան բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձնհալքի և մթնոլորտային տեղումների ընթացքում տեղատարում են շինարարական աշխատանքների արդյունքում մերկացած հողային շերտերը և իրենց ջրերի հետ միասին հասցնում դրանք Արփա գետ։ Եվ այս գործընթացը ոչ մի կազմակերպություն ոչ մի այսպես կոչված՝ «միջազգային ստանդարտով» չի կարող կառավարել Ամուլսարում։
Որքան էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունը համարի այս ամենն ապատեղեկատվություն և իրենց դեմ դավադրություն՝ ակնհայտ է, որ հարյուրավոր հեկտարների վրա բացահանքեր, լցակույտեր, տարրալվացման հարթակ և այլ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում մենք առերեսվելու ենք մակերևույթային և ստորերկրյա ջրերի տարբեր եղանակներով ահռելի աղտոտման հետ, բայց արդեն ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով ու ցիանիդի տարբեր միացություններով։ Դա ապացուցվել է բազմաթիվ նմանատիպ հանքերի շահագործման դեպքերում ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում։ Իսկ մեզ մոտ վերջին ցայտուն օրինակը՝ Թեղուտի հանքի շահագործումն ու դրա կոլապսն էր, որի հեղինակները 10 տարի շարունակ նույն բառերով և նույն ոճով, ասում էին այն, ինչ ասում է Լիդիանը վերջին մի քանի տարում՝ ցիտելով միջազգային ստանդարտները։
Իսկ Լիդիանի այն պնդումը, թե Արփա գետի վրա գտնվող ձկնաբուծարանի մանրաձկները չեն տուժել այս ամենի հետևանքով հերքվեց հունիսի 15-ին հրապարակված այս տեսանյութում, որտեղ տնտեսության գլխավոր ձկնաբույծը պատմում է տեղի ունեցածի մասին։
Ակնհայտ է, որ Արփա գետի ջրերի որակի վրա բացասական ազդեցությունները ճիշտ չեն գնահատվել Լիդիանի կողմից և
հանքի հնարավոր շահագործման դեպքում վտանգվելու է Արփա գետի ողջ հովտի բնական միջավայրն ու այդ գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործող հողագործների հարատև տնտեսական գործունեությունը։
Նշենք նաև, որ սա հերթական չնախատեսված դեպքն է, որ տեղի է ունենում շինարարական աշխատանքների ընթացքում:
Սրան նախորդել էր խմելու ջրամատակարարման խողովակների մի քանի անգամ վնասումը, ինչպես նաև շինարարության և պայթեցումների արդյունքում առաջացող փոշու տարածումը Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում: Եվ այս ամենը տեղի է ունենում բուն հանքարդյունահանման աշխատանքները դեռ չսկսած վիճակում:
Համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում ապահովել Ամուլսարում շինարարական աշխատանքների
դադարեցումը և համապարփակ ուսումնասիրել այս և բարձրաձայնված այլ խնդիրները, որոնք թաքցրել է «Լիդիան
Արմենիա» ընկերությունը պետական փորձաքննության ներկայացրած իր գնահատման հաշվետվություններում և այլ
փաստաթղթերում:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է