Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների մասին

2308
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 11:55
Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների մասին

Մոսկվայի և Երևանի երկխոսությունը կառուցողական բնույթ է կրում, և քաղաքական տարաձայնություններ երկու երկրների միջև չկան: Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

- Ռուսաստան այցերի նման հաճախականությունը կարո՞ղ է խոսել այն մասին, որ այն մարդիկ, ովքեր մտավախություններ ունեին՝ կապված երկու երկրների հարաբերությունների վատթարացման հետ, սխալվել են:

- Այո, իհարկե: Այսօր այդ մասին շատերն են խոսում, բազմաթիվ հրապարակումներ եղան նաև ռուսական մամուլում, որոնց հեղինակները լավ չեն հասկացել, թե ինչ է կատարվել Հայաստանում: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամենը ներկայացնել այլ իրողությունների քողի ներքո: Նրանք ցանկանում են ասել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: Սակայն հայկական հեղափոխության հիմքում չկար աշխարհքաղաքական համատեքստ, այն հայկական գործընթաց էր: Եվ այդ գործընթացի արդյունքում մենք ասում ենք, որ չեն լինի փոփոխություններ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք այս մասին պատմում եք ոչ միայն մեզ՝ ռուս լրագրողներիս, այլ նաև պաշտոնական բանակցությունների ժամանակ: Իսկ ի՞նչ անձնական հարաբերություններ ունեք Վլադիմիր Պուտինի հետ:

- Դրանք շատ լավ, ուղիղ հարաբերություններ են: Եվ այդ հարաբերությունները հաստատվել են առաջին րոպեից: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները հարաբերություններ են առանց մութ կողմերի: Եվ դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք ուղիղ: Պուտինն ուղիղ մարդ է: Եվ նման հարաբերությունները զարգանում են շատ արագ և կառուցողական մթնոլորտում:

- Իսկ ի՞նչ խնդրահարույց հարցեր կան:

- Ներկա պահին կարող եմ ասել, որ խնդրահարույց հարցեր չկան: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը շատ հարցերում համընկնում են: Կարևորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկում ենք այդ բոլոր հարցերը: Եվ կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել: