Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Ի՞նչն էր սարսափեցրել Բակո Սահակյանին՝ ըստ Հայկ Խանումյանի

235
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 13:25
Ի՞նչն էր սարսափեցրել Բակո Սահակյանին՝ ըստ Հայկ Խանումյանի

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Օրեր առաջ հայտարարեցինք, որ հունիսի 13-ին Վերածննդի հրապարակում հավաք ենք անելու՝ ներայացնելու մեր անցկացրած խորհրդակցությունների ամփոփումը: Տարբեր պաշտոնյաների հետ մեր շփումներում նշել էինք, որ սպասում ենք 120-300 հոգու մասնակցություն: Այս ամենը սարսափեցրել էր Բակո Սահակյանին, սկսեցին լուրեր տարածվել առաջնագծի վերաբերյալ, տարբեր գործիչներ սկսեցին գնալ բնկավայրեր՝ բնակչությանը ահաբեկելու ադրբեջանական հարձակմամբ՝ խնդրելով զերծ մնալ հավաքների մասնակցությունից: Տարբեր իշխանական քարոզիչներ, սկսած ՄԻՊ Ruben Melikyan-ից մինչև լատինատառ գրող ֆեյքեր, սկսեցին տիրաժավորել սահմանում առկա վտանգավոր վիճակի մասին լուրերը: Ստեփանակերտի քաղաքապետարանը հանկարծ հիշեց, որ քաղաքում տեղի են ունենում չարտոնված հավաքներ, իսկ Ազգային ժողովում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, շատ նման 2016թ. հունիսի 6-ի խորհրդակցությանը, որտեղ տեղի էր ունեցել իմ անձի դեմոնիզացումը և ինչն էլ ավարտվել էր ԱԺ շենքի մոտից իմ առևանգումով և դաժան ծեծով: Բնականաբար ԱԺԿ ներկայացուցիչը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն, վարչական ռեսուրսի շնորհիվ խորհրդարան մտնող ուժ, որի հիմնական նպատակը Աշոտ Ղուլյանի համար պետական բյուջեի հաշվին նոր ծառայողական մեքենա ապահովելն է և նախկին ծառայողական մեքենաները շուկայականից 10 անգամ էժան սեփականաշնորհելը) կրկին խոսեց երկիրը պառակտելու, պետականության հիմքերը խարխլելու մասին: Դաշնակցական պատգամավորներից մեկը խոստացավ կանգնել Բակո Սահակյանի թիկունքին՝ մեր կողմից նրա հրաժարականը պահանջելու դեպքում, իսկ Ազատ Հայրենիք կուսակցության մեկ այլ գործընկեր հիշեցրեց իմ իջևանյան ծագումը: Միայն Շարժում-88 կուսակցության գործընկերները նորմալ համարեցին հավաքներ անցկացնելը: Մեր հրապարակած ժամին Վերածննդի հրապարակն արդեն փակ էր ոստիկանական աննախադեպ ուժերով, այնտեղ էին ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները, իսկ նախագահականում նստած էր Վերածննդի հրապարակի հպարտ բանտարկյալը՝ Բակո Սահակյանը: Նստած իր սենյակում՝ նա վստահ լսում է տարբեր զեկույցներ քաղաքապետարանից, Ազգային ժողովից ու ուժայիններից, թե ինչպես են իր կողմնակիցները արիաբար պաշտպանել անփոխարինելի նախագահին և փակել Վերածննդի հրապարակն ու պատերազմով վախեցրել հավաքի պոտենցիալ մասնակիցներին:
P.S. Հարգանքներս այն բոլոր մարդկանց, ովքեր անկախ ամեն ինչից ներկայացել էին հավաքին և փորձել էին հասկանալ, թե քաղաքական ուժերից մեկը ինչ տարբերակներ է առաջարկում քաղաքական ճգնաժամի լուծման համար»: