Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

«Ես Հայաստանի, հայ ժողովրդի ֆանատն եմ դառել». Շաֆի Ալ Կապրիոն՝ Հայաստանի, քաղաքականության, սեփական բիզնեսը հիմնելու և անձնական կյանքի մասին

2530
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 20:00
«Ես Հայաստանի, հայ ժողովրդի ֆանատն եմ դառել». Շաֆի Ալ Կապրիոն՝ Հայաստանի, քաղաքականության, սեփական բիզնեսը հիմնելու և անձնական կյանքի մասին

Օրերս ավարտվեց Stand Up Comedy Show հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը:

Հեռուստանախագծի թերևս ամենահիշվող և իր տեսակով եզակի մասնակիցն ազգությամբ հնդիկ, սակայն իրեն հայ համարող Շաֆի Ալ Կապրիոն է:

MAMUL.am-ի հետ զրույցում սթենդափերը պատմեց Հայաստանում հայտնվելու, Հայաստանի մասին իր տպավորությունների, ուսման ու սեփական բիզնեսը հիմնելու, ինչպես նաև իր անձնական կյանքի մասին:

- Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ուսում ստանալ հենց Հայաստանում և ոչ թե այլ երկրում:

- Ես 6 տարի առաջ եմ եկել Հայաստան: Հնդկաստանում, երբ դու ավարտում ես դպրոցը, մի տեղ գնում ես՝ որևէ երկիր կամ քաղաք ուսումը շարունակելու, պրակտիկա անցնելու, ես ևս մտածեցի գնալ որևէ երկիր և Google-ով որոնեցի: Առաջինն, ինչ տեսա, Armenia-ն էր: Ճիշտն ասած, չգիտեի, որ նման երկիր կա: Հետաքրքրվեցի, կարդացի Հայաստանի մասին: Սկզբից գնացել եմ Ալավերդի, ապա Արցախ և սիրահարվել եմ հայերին: Որտեղ որ գնում էի, ինձ հյուրասիրում էին: Բարդ էր, բայց սիրեցի այդ լեզուն, սիրեցի աղջիկներին, ամեն ինչին սիրահարվել եմ: Ես մտածեցի սովորել բժշկություն, քանի որ ինձ ասել են, որ այստեղ շատ լավ ուսուցանում են բժշկություն: Ու հիմա ես սովորում եմ «Հայբուսակ» համալսարանում բժշկական ֆակուլտետում:

- Կա կարծրատիպ, որ Հայաստանում բոլոր հնդիկները սովորում են Բժշկական համալսարանում:

- Դա կարծրատիպ է, հնդիկները գալիս են այստեղ սովորելու, քանի որ Հայաստանը շատ լավ տեղ է՝ թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային առումով Հնդկաստանին մոտ է: Այդքան էլ մեծ չեն Հայաստանի և Հնդկաստանի տարբերությունները: Մեր քույրերն ու եղբայրները, մեր բարեկամներն ասում են, որ տենց երկիր կա, որտեղ հանգիստ է կյանքը, հանգիստ եկեք, սովորեք: Իսկ այն, որ ասում են, թե բոլոր հնդիկները Բժշկական համալսարանում են սովորում, ապա ասեմ, որ մենք 1,5 միլիարդ ժողովուրդ ենք, մենք բժիշկների պակաս ունենք: Ճիշտ է, ունենք շատ համալսարաններ, քոլեջներ, բայց չունենք այդքան տեղ: Դու պետք է 1-2 տարի սպասես, գրանցվես համալսարանում, բայց այդ 1-2 տարին մեր կյանքում մեծ բան է:

- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի մասին: Ի՞նչն է ձեզ այստեղ դուր գալիս, կամ, հակառակը, ի՞նչը դուր չի գալիս:

- Ամեն ինչ դուր է գալիս: Ամեն ինչը հայերն անում են հատուկ ձևով, օրինակ՝ ճաշ եփելը, սիրահարվելը: Ամեն ինչը, ինչ որ դուք անում եք, անում եք հատուկ ձևով: Ես ամեն ինչը հավանում եմ: Ինչ-որ բան հավանելուց առաջ դու պետք է դառնաս ֆանատ: Ես Հայաստանի, հայ ժողովրդի ֆանատն եմ դառել:

- Իսկ ի՞նչ դժվարությունների եք բախվում Հայաստանում:

- Բոլորն ասում են՝ Հայաստանում ամեն ինչ կա, փող չկա: Դրան ես չեմ հավատում, հավատում եմ, որ մարդիկ կարող են ապրել ավելի լավ, եթե լավ աշխատեն, եթե լավ մտքեր ունենան: Հիմա իշխանությունը փոխվել է, նոր վարչապետ ունենք, հիմա մարդիկ ավելի շատ հույսեր ունեն: Ես նույնպես հավատում եմ:

- Բավականին ազատ խոսում եք հայերեն: Հե՞շտ եք սովորել լեզուն:

- Ոչ մի դասի չեմ նստել, սովորել եմ փողոցում, շատ սխալ բառեր էի ասում, հետո ինձ ճիշտ ձևով սովորեցրին: Եթե հույս ունես սովորելու, հեշտ է սովորելը:

- Ինչպիսի՞նն են հայ աղջիկները: Կամուսնանայի՞ք հայ աղջկա հետ:

- Հիմա նշանված եմ մի հայ աղջկա հետ, և մտածում ենք շուտ ամուսնանալու մասին: Սպասում ենք:

- Իսկ մինչ հեռուստատեսությունում հայտնվելը, մասնակցե՞լ եք այլ նախագծերի:

- Այո, հիմա ես ելույթներ եմ ունենում ակումբներում, Armcomedy-ին եմ մասնակցել: Կամավոր գործերի եմ մասնակցել, առաջ մանկատներում կամավոր գործեր էի անում, իսկ հիմա այդքան ժամանակ չունեմ: Հիմա ես իմ օբյեկտն եմ բացել:

- Հե՞շտ է Հայաստանում սեփական բիզնեսը հիմնելը: Գո՞հ եք արդյունքներից:

- Չգիտեմ առաջ ոնց է եղել, ես նոր եմ բացել, և պետությունից շատ են օգնել, իրենք իրենց գործը շատ լավ են անում: Ես բիզնեսի պատճառով չեմ բացել: Բացել եմ բարեգործական նպատակով: Մարդիկ շատ են գալիս և վստահում են մեզ: Եվ այդ վստահությունը պահելն ինձ համար շատ կարևոր է:

- Ձեր կերպարից խոսենք: Շատ սիրվեց հանրության կողմից, ինչպե՞ս այն ստեղծվեց:

- Մի քիչ երկար պատմություն է: Ես Հատիս սար էի գնացել ընկերոջս հետ, բարձրանալիս ոտքերս սառել էին: Երբ ես անհարմարություն եմ զգում, միշտ կատակում եմ, և այդ պահին սկսեցի կատակել: Ընկերս ասեց՝ դու շատ լավ կատակներ ես անում, պետք է գնաս և մասնակցես Stand Up-ին:

- Եթերաշրջանի ավարտից հետո սպասվո՞ւմ են նորություններ, կերպարային փոփոխություններ:

- Այո, շատ ուրախ եմ, որ լավ ձևով ավարտեցինք եթերաշրջանը: Պետք է մասնակցեմ չորրորդ եթերաշրջանին, սակայն կոնկրետ նորություն չունեմ: Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ ինձ տեսնեն ու ասեն՝ մեր տղան է, մեր հնդիկ ախպերն է:

- Ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Խոհարար եմ, պատմեցի իմ օբյեկտի մասին, սիրում եմ նաև ճանապարհորդել:

- Քաղաքական վերջին փոփոխություններին հետևո՞ւմ էիք:

- Հետևում էի, նույնիսկ մասնակցում էի: Բայց գնացել եմ ոչ թե քաղաքականության, այլ մեր երեխաների, ժողովրդի համար: Իմ կողմից հնարավոր ամեն ինչ արել եմ:

- Հաշվի առնելով այն, որ ուսում եք ստանում Հայաստանում, ունեք սիրելի աշխատանք և բիզնես, պատրաստվում եք ամուսնանալ, մտածո՞ւմ եք Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին:

- Ասացի, որ նշանվել եմ հայ աղջկա հետ և պատրաստվում եմ ամուսնանալ, և հույս ունեմ, որ կլինեմ Հայաստանում, որ Հայաստանում ամեն ինչ լավ կլինի: Եվ մարդիկ ինձ կվերաբերվեն որպես մի հայի: Ես հպարտ հնդիկ եմ, բայց և հպարտ հայ եմ:

- Եվ վերջում ի՞նչ կմաղթեք հայերին, հայ հանդիսատեսին:

- Ես հայերին հաջողություններ եմ մաղթում: Մեզ համար նոր օրեր են եկել, և մենք պետք է աշխատենք, այլ ոչ թե նստենք տանը, պետք է մեր ներդրումն ունենանք պետությունն ավելի լավը դարձնելու համար: Ամեն ինչ լավ է լինելու: