Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյնալյանը հրաժարական տալու մտադրություն չունեն

118
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 21:20
Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյնալյանը հրաժարական տալու մտադրություն չունեն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

«Հայտնում եմ, որ տարածված լուրերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 12-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: