Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ-ն առևտրային խոշոր ցանցերին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ

343
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 13:30
ՊԵԿ-ն առևտրային խոշոր ցանցերին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների՝ անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները: «Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին