Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները

429
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 21:05
«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները

Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։
«Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետևելով, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները՝ ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում: Փառատոնին աչքի ընկած և տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում:
Այս տարի մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի և թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում:
Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և «Գրան պրի» մրցանակներ, ինչպես նաև խրախուսական պատվոգրեր: