Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմից հայտնի աղբյուրը

556
Կիրակի, 10 հունիսի, 2018 թ., 19:30
Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմից հայտնի աղբյուրը

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը. ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոտ կես դար առաջ էկրան բարձրացած ֆիլմի աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Գալստյանի միջոցներով, Համլետ Գևորգյանի և գյուղի բնակիչների մասնակցությամբ: Սակայն, եթե այն ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա դա մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար-աղբյուր է:

Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հունիսի 10-ին, հենց այն նույն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբյուրի նկարահանման տեսարանները, կայացավ աղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր տարածքներից: Ֆիլմի նկարահանումներին մասնակցած դերասաններ, նկարահանման խմբի անդամներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երոնոսի դերակատարը, և Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպես, ինչպես ֆիլմում վարպետները:

Միջոցառմանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոս վարպետ Մկրտչի կերպարը կերտած Սոս Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը:

Ֆիլմը էկրանավորվել է «Հայֆիլմ»-ում՝ տաղանդաշատ ռեժիսոր Արման Մանարյանի հետաքրքիր լուծումներով: 1971-ին էկրան բարձրացած ֆիլմը, ամբողջովին տարբերվում էր նախորդներից. սյուժեն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր: Մկրտիչ Արմենի վիպակի՝ «Հեղնար աղբյուրի» հիմքում ընկած է մի պատմություն, ըստ որի՝ աղբյուրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշ տղամարդու: Ֆիլմի գործողությունները կատարվում են անցյալ դարում, հայկական ավանդապահ քաղաքում: Հեղնարի մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար:Աղբյուրի վրա գրվում է՝ «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էդ ջրեն»:

«Ֆիլմը իր համարձակության համար նաև որոշ ժամանակ արգելված է եղել»,- լրագրողներին պատմել է ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը:

Հեղնարի երկար տարիներ Փարիզում բնակվող դերակատարուհին՝ Յուլիա Ռուստամյանը փաստել է, որ նկարահանումներից հետո 48 տարի անց անհավատալի է կրկին լինել այն վայրում, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների որոշ դրվագներ ու տեսնել նրանց, ում հետ աշխատել է:

«Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին այստեղ նկարահանման, շատ ուրախացա. հայ եմ ու արմատներով այստեղից. հայրս այստեղ է ծնվել՝ Լենինականում։ Այնպես որ զգացմունքներս շատ մեծ էին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վերականգնվեց աղբյուրը և մեզ ևս մեկ հնարավորություն տրվեց հանդիպելու: Սա սիրո, հայրենիքի ու արհեստավորի մասին ամենագեղեցիկ ֆիլմերից է»,-նշել է Յուլիա Ռուստամյանը: