Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

379
Կիրակի, 10 հունիսի, 2018 թ., 10:05
Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Մայիսի 31-ի ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:Հունիսի 10-ին նշանակված Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում որևէ թեկնածու չի գրանցվել: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ Մեծաձոր համայնքում նշանակված ավագանու անդամի նոր ընտրությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 24-ին: