Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

ՏՄՊՊՀ որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող

174
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 18:15
ՏՄՊՊՀ որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ: Առավելապես քննարկվում է մսի թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում:

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, և նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները և դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները Հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում:

Հարկ ենք համարում նաև անդրադառնալ մի էական խնդրի ևս: Հանձնաժողովի որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող: Ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, որտեղ գերիշխող համարվելու համար տվյալ տնտեսվարողը իրացման ծավալներով պետք է զբաղեցնի շուկայի առնվազն 1/3-ը, այս դեպքում օրենքի հիմքում դրված են այլ չափորոշիչներ: Մասնավորապես. օրենքը սահմանում է, որ տվյալ առևտրային կետը պետք է հանդիսանա նվազագույնը չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, իսկ առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 1.5 մլրդ դրամի շեմը: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները («Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ») միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը: Բացի այդ, հարկ է նաև նշել, որ մանրածախ առևտրով զբաղվում են հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է 17.223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր քանակը 82 է:

Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը սահմանափակելու հնարավորություններն ու ռիսկերը բավականին ցածր են:

Հանձնաժողովը շարունակում է վերահսկողություն և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ: