Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

Լևոն Բարսեղյանը դիմում է Մշակույթի նախարարին

243
Երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ., 20:05
Լևոն Բարսեղյանը դիմում է Մշակույթի նախարարին

ՀՀ մշակույթի նախարար Լ.Մակունցին
Հայաստան, Երեւան, 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,
Գյումրու Ավագանու անդամ Լ.Բարսեղյանից

27 մայիսի, 2018

Դիմում-2

Հարգելի տիկին նախարար,

Դիմում եմ Ձեզ Շիրակի երկրագիտական թանգարանը փրկելու խնդրանքով:

Շիրակի երկրագիտական թանգարանը հիմնվել է 1930 թվականին, մինչեւ երկրաշարժը ունեցել է գործունեության համար բարենպաստ պայմաններ, սակայն արդեն 30 տարի է, ինչ գործում է մի վթարային շինության մեջ (նախկին սեփական տուն) եւ ցուցանմուշների պահեստ է հիշեցնում: Գիտաշխատողները անտանելի դժվար պայմաններում են աշխատում: Թանգարանն ունի բավականաչափ մեծ եւ մրցունակ հավաքածու, որոնց համար չկա որեւէ ցուցասրահ եւ ազգային հարստություն հանդիսացող տասնյակ հազարավոր մասունքները մատչելի չեն հասարակությանը: Այս թանգարանի ունեցվածքը իսկական գանձարան է, դրանում կարող եք համոզվել մեկ կարճատեւ այց կատարելով: Թանգարանի ֆոնդերը տարեցտարի ավելանում են Շիրակի տարածքում իրականացվող հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերով, եւ առկա շենքային պայմանները խոչընդոտում են նույնիսկ նոր նյութերի ընդունման գործընթացը: Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հարցի լուծման ճանապարհը նոր, որպես թանգարան նախագծված շենքի կառուցումն է, որը շատ ավելի հեռանկարային է եւ էժան, քան որեւէ վթարային շենքի ամրացումը եւ հարմարեցումը:

2013 թվականին, երբ Գյումրիում շահագործման հանձնվեց նոր բժշկական կենտրոնը մի շարք բուժհաստատություններ տեղափոխվեցին նոր շենք եւ արդյունքում մի քանի շենքեր թափուր մնացին: Թափուր մնացած շենքերից մեկը Գյուլպենկյանի անվան հիվանդանոցն է քաղաքի կենտրոնում, պատմական միջուկում՝ «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում:

Իմ նախաձեռնությամբ Գյումրու ավագանին 2013 թվականի ապրիլի 16-ին ուղերձով դիմեց ՀՀ վարչապետին, խնդրելով այդ հիվանդանոցի շենքը ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացնել Շիրակի երկրագիտական թանգարանին, այդ թանգարանը մշակութային կյանք վերադարձնելու եւ կենսագործնեության անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Սակայն մեր խնդրանքը կառավարությունը մերժեց: Թանգարանը մնաց իր անտանելի պայմաններում: Բազմաթիվ են հրապարակումները թանգարանի խայտառակ պայմանների եւ աշխատակիցների անձնվեր աշխատանքի մասին:

Նախկին հիվանդանոցի շենքը անշուշտ թանգարանային նշանակություն չունի, բայց թանգարանի այժմյան զբաղեցրած տարածքի համեմատ, հրաշալի հնարավորություն կընձեռի թանգարանին եւ ավելացնել Գյումրու մշակութային գրավչությունը:

Հիվանդանոցի նախկին շենքի տրամադրման մեր կառավարության մերժումից անցել է ավելի քան 5 տարի, իսկ այդ շենքը մնում է դատարկ եւ չի օգտագործվում: Այն առայժմ տնօրինում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

Այսով դիմում եմ Ձեզ, խնդրելով՝ ուսումնասիրել Շիրակի երկրագիտական թանգարանի հետ կապված իրավիճակը, ՀՀ վարչապետին ներկայացնել խնդիրը, եւ Գյումրու Գյուլպենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, գոնե ժամանակավոր, տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին, մինչեւ հնարավոր կլինի նոր շենք կառուցել թանգարանի համար: Ցանկացած աջակցության համար պատրաստ եմ ներդնել իմ եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ջանքերը:

Հարգանքներով՝ Լեւոն Բարսեղյան

Լուսանկարներում՝ Հիվանդանոցի արդեն 5 տարի է թափուր շենքն է եւ ՇԵ թանգարանի գործող շենքը: