Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում Հայաստանի դեսպանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս»-ը 185 միլիոն դրամ է յուրացրել

434
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 23:10
Վրաստանում Հայաստանի դեսպանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս»-ը 185 միլիոն դրամ է յուրացրել

Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա։ Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:

Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունն ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ։

«Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն հիմնադրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և նրա եղբայր՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը։