Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ինչո՞ւ ԿԸՀ այսօրվա նիստում չքննարկվեց Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու հարցը

497
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 17:00
Ինչո՞ւ ԿԸՀ այսօրվա նիստում չքննարկվեց Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու հարցը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած դիմումն այսօրվա նիստում չի քննարկվել: «Արձանագրությունն ստացվել է այսօր: Յուրաքանչյուր պարագայում, երբ ստացվում է նման արձանագրություն, կա նախապատրաստական աշխատանք՝ հարցը նիստին նախապատրաստելու համար: Նախ պետք է հարցը նախապատրաստվի, հետո ներկայացվի քննարկման: Սահմանված կարգով առաջիկայում կանդրադառնանք դրան»,- ասել է Մուկուչյանը: «Լիազորությունների դադարեցումը մեր գործառույթների տիրույթում չէ, մենք ստացել ենք արձանագրություն՝ լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ: Մեր գործառույթը մեկն է՝ թափուր մանդատը տրամադրել հաջորդ թեկնածուին»,- հավելել է նա:

Տեղեկացնենք, որ ԿԸՀ այսօրվա նիստում հրապարակվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամների անունները՝ Վիկտոր Ենգիբարյան, Նելլի Ղարդյան, Ռուբեն Ռուբինյան: Վերջինները փոխարինում են Էդուարդ Աղաջանյանին, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել, Տիգրան Ավինյանին, ով փոխվարչապետ է նշանակվել և Արայիկ Հարությունյանին, ով ԿԳ նախարար է նշանակվել: