Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվել. ԱՆ

504
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 18:00
Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվել. ԱՆ

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 14 դեպք՝ 16 տուժածով, որից 11-ը՝ 13 տուժածով, գրանցվել է մայիսի ընթացքում: Թունավորման պատճառը անհատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 6 դեպք՝ 12 տուժածով:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական համապատասխան մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
ուտելի և թունավոր սունկը տարբերելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
չառաջնորդվել ժողովրդական մոտեցմամբ, ըստ որի՝ թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է արգանակը,
չուտել հում սունկ,
երեխաներին սունկ չկերակրել,
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող անձանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
թարմ սունկը 1 օրից ավելի չպահել՝ նույնիսկ սառնարանային պայմաններում,
չզբաղվել ինքնաբուժմամբ:
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)՝ առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում՝ մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:

Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը: