Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ջերմուկի ավագանին պահանջներ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

313
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 20:45
Ջերմուկի ավագանին պահանջներ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

*Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը,

*Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության գնահատում, քանի որ քաղաքը որդեգրել է տուրիզմի զարգացման հեռանկարը։
*Հղում անելով Լիդիան ինթերնեշընըլին ֆինանսապես աջակցած Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ-ի) կատարողական ստանդարտների համապատասխանության օմբուդսմենի գրասենյակի՝ ազդակիր համայնքներից ներկայացված բողոքների հետաքննության 2017թ․ վերջնական զեկույցին առ այն, որ Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում «Ջերմուկ բրենդի և Ջերմուկի՝ որպես տուրիստական քաղաքի, վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել և մեղմացվել թիվ 1 Կատարողական չափորոշիչի (ԿՉ1) պահանջներով», ինչպես նաև լիարժեքորեն չեն գնահատվել սոցիալական ազդեցությունները Գնդեվազ համայնքի վրա։

Լիդիանը հանքի շահագործման թույլտվությունները ստացել է բնապահպանական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, որոնցից շատերը վիճարկվում են նաև դատական կարգով: Այնուհանդերձ, մենք չենք կարող անվերջ սպասել, քանի որ դատավարությունը ձգձգվում է արդեն ավելի քան երեք տարի, մինչդեռ հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքներն ամբողջ թափով շարունակվում են:

ՀՀ վարչական դատարանում 2015 թվականի մարտ ամսից սկսած քննվում է գնդեվազցիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ պահանջելով անվավեր և առոչինչ ճանաչել Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։

Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրելու ընթացքում խախտվել են նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց վերաբերյալ այժմ էլ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընթանում է վարույթ:

Ամուլսարի շահագործման հիմքում ընկած իրավախախտումներին և դրանցով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերն անդրադարձել են նաև միջազգային և հակակոռուպցիոն կազմակերպությունները:
Միջազգային երեք հեղինակավոր փորձագիտական կազմակերպություններ տվել են իրենց բացասական կարծիքը Լիդիանի ՇՄԱԳ-ի վերաբերյալ՝ մատնանշելով լրջագույն խախտումներ թթվային դրենաժի և ջրերի աղտոտման կառավարման հարցում։ Սա նոր երևան եկած հանգամանք է, որի առկայության պարագայում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը պետք է չեղարկվի։
Լիդանը դեռևս չի սկսել հանքի շահագործումը, սակայն էական վնասներ է հասցրել համայնքներին։ Չնայած իրենց հիմնավորումներին, որ փոշին 1 կմ շառավղով է տարածվելու, 8-10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքն ամբողջությամբ փոշու մեջ է։

Լիդանը արդեն երրրորդ անգամ վնասել է խմելու ջրի խողովակները՝ զրկելով Կեչուտ, Գնդեվազ համայքներին խմելու ջրի աղբյուրներից։ Ջրերի խողովակները լցված էին տիղմով։
Արձանագրում ենք, որ
1. Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում է Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարներին և արդեն իսկ հանգեցրել է տուրիստական հոսքերի շեշտակի կրճատման, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասները որևէ կերպ գնահատված չեն։

2. Ընկերությունը կամ պետությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսական օբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները գնահատված չեն Ամուլսարի շահագործման ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ:
Ուստի ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝

1. Անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար:

2. Միջոցներ ձեռնարկել հանքավայրի շինարարության փուլում Ջերմուկի բնակիչների և տնտեսական օբյեկտների կրած վնասները գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ: