Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

342
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 15:20
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարները շնորհավորել են միմյանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ նշանակվելու և վերանշանակվելու կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման շարունակականության ուղղությամբ շահագրգռվածությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է մայիսի 14-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բովանդակային երկխոսությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Հայ-ռուսաստանյան օրակարգի առավել հանգամանալից քննարկման, հարաբերություններն առաջ մղելու նպատակով Զոհրաբ Մնացականյանն ընդունել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու Սերգեյ Լավրովի հրավերը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նա ընդգծել է, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։