Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար

364
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 18:20
Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար դիմած երաժիշտների նախնական լսումների արդյունքները։ Ըստ այդմ՝ մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 9 երկրի 16 թավջութակահար։ Նրանք են՝ Ֆյոդր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Սևակ Ավանեսյան (Հայաստան/Բելգիա), Սերգեյ Բուլգադարյան (Ռուսաստանի Դաշնություն), Սանդրա Լիդ Հագա (Նորվեգիա), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հայջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Աննա Կոշկինա (Ռուսաստանի Դաշնություն), Կյունգ Ջուն Լի (Կորեայի Հանրապետություն), Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ժաննա Մինիոտաս (Ռուսաստանի Դաշնություն), Վարդուհի Միրզոյան (Հայաստան), Միքայել Պետրոսյան (Հայաստան), Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա), Կենտա Ունո (Ճապոնիա)։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ։ Այն կանցկացվի երեք փուլով՝ առաջին փուլ (հունիսի 7-8), կիսաեզրափակիչ (հունիսի 9-10) և եզրափակիչ (հունիսի 12-13)։ Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Երաժշտական հեղինակավոր ստուգատեսն այս տարի մեծ խորհուրդ ունի. կայանում է Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանական տարում։ Մրցույթի ընթացքում ամեն տարի մեծ տեղ է տրվում Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրի մեջ ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի ստեղծագործություն։

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Նշենք, որ երեկ հաստատվել է Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։