Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բռնապետությունը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ, թուլանում է, բայց պարտված չէ». Լևոն Բարսեղյան

346
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 00:00
«Բռնապետությունը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ, թուլանում է, բայց պարտված չէ». Լևոն Բարսեղյան

Ձեզնից առաջ ոչ ոք ձեզ չի պաշտպանելու

Հարգելի հպարտ քաղաքացիներ, եթե դուք դեռ չեք ջոկել, որ ձեր իրավունքների համար նախ դուք պիտի պայքարեք, այլ նախընտրում եք Սերժիկի ժամանակների պես նախ ուրիշներին դիմել, որ պայքարեն ձեր փոխարեն, պաշտպանեն ձեր իրավունքները և ազատությունները, ու մանավանդ, խնդրում եք, որ դուք չերեւաք էդ կռվում, ձեր անունը չտան, դուք չբացահայտվեք, ուրեմն դուք դեռ տեղյակ չեք, որ Հայաստանում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, և որպեսզի դրանք ավարտվեն, պիտի դադարեք թախտի տակից բողոքել, անանուն բողոքել, պատասխանատվություն չստանձնել ձեր բողոքի համար, ուրեմն դուք դեռ վախկոտ եք ու մեղմ ասած հպարտ չեք:

Երեւի բնական է՝ տասնամյակներով ստորացման, վախի, նվաստացման, ահաբեկչական միջավայրում եք ապրել, դժվարություն ունեք սեփական անձի և զավակի ազատագրման կռիվ վարել, բայց միաժամանակ վստահ եմ, որ բազմաթիվ օրինակներ ունեք, երբ մարդիկ հենց այս օրերին հաղթել են իրենց միջի վիշապին, որովհետև կարողացան Սերժիկին հաղթել:

Այդ հաղթանակը կատարյալ չէ, գիտեք անշուշտ: Սերժիկը մարտավարական նահանջ է արել, բռնապետությունը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ, թուլանում է, բայց պարտված չէ: Հեղափոխությունը դեռ չի հաղթանակել ամբողջությամբ, հզորանում է ժողովրդական իշխանությունը, բայց համոզմունք ունեմ, որ առանց ազատագրված քաղաքացիների, բան դուրս չի գա:

Ավելի պարզ. ես իմ քայլը վաղուց արել եմ, ինչ կարեցել՝ արել եմ: Դուք, ծնող, մանկավարժ, բյուջետային հիմնարկների աշխատակից և այլք, ձեր քայլը ե՞րբ եք անում, ե՞րբ եք ոչնչացնելու ձեր միջի վախկոտին և ե՞րբ եք տեր լինելու ձեր իրավունքներին ու ազատություններին: Չասեք՝ չգիտեք ինչպես, մեռանք բացատրելով ու ցույց տալով:

Ի՞նչ պետք է անել չվախենալու համար: Շատ հասարակ, մեկ բան՝ մի վախեցեք: