Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում». Դարոն Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

351
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 11:30
«Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում». Դարոն Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

Հայտնի հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Այս մասին աշխարհահռչակ տնտեսագետը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ազդեցություն է կրել կոռուպցիոն երևույթներից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա այն առնչությամբ, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Իսկ նման փոփոխության կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը»,- ընդգծել է նա:

Դարոն Աճեմօղլուն պատմել է, որ ՀՀ վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել, թե արդյոք ցանկանում է օգնել: «Որպես այդ երկրից դուրս գտնվող մեկը՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, սակայն ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր կգործադրել այդ ուղղությամբ: Ցանկանում եմ հարմար պահի այցելել Երևան, սակայն ընտանեկան պատճառներից ելնելով՝ դեռևս անհայտ են ժամկետները: Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում»,- ասել է Աճեմօղլուն՝ շեշտելով, սակայն, որ միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ հեշտ չի լինելու «արմատախիլ անել կոռումպացված համակարգը և վերափոխել կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը»:

«Դա հնարավոր կլինի միայն բազմակողմ մոտեցման և նոր, լավ կրթություն ստացած, իդեալիստ ու ոչ կոռումպացված անձանց՝ քաղաքականություն մուտք գործելու միջոցով»,- հայտարարել է Դարոն Աճեմօղլուն: