Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այսօր կա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը. ո՞ւմ դեմ ենք ճանապարհ փակում». Նիկոլ Փաշինյան

418
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 14:30
«Այսօր կա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը. ո՞ւմ դեմ ենք ճանապարհ փակում». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կոչ էր արել քաղաքացիներին՝ ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները. «Խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին՝ ցանկացած գյուղից կամ բնակավայրից, որևէ պրոբլեմի վերաբերյալ հստակ գրավոր ձևով ձևակերպել իրենց պահանջները: Կապ չունի, թե դա ինչ պահանջ է՝ աշխատավարձի հետ կապված, հողերի, որևէ պահանջ, այդ պահանջագրով 2-3 հոգանոց պատվիրակություններ ուղարկել 2 հասցեով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, նախարար Սուրեն Պապիկյան և ՀՀ կառավարություն, քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին, կարող եք նաև դիմել կառավարության թեժ հեռախոսահամարով՝ 1-17: Մենք վերցնելու ենք այդ բոլոր նամակները, դիմումները և կազմելու ենք առաջնահերթություն, օրակարգ, և կետ-կետ անցնելու ենք այդ հարցերով, և այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, իրականացնելու ենք նաև հանրային քննարկումներ, խոսքը վերաբերում է բոլոր հարցերին: Հիմա կան քաղաքացիներ, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, մենք այդ հարցն էլ կքննարկենք և կառավարության ու իմ դիրքորոշումը, թավշյա հեղափոխության դիրքորոշումը կարտահայտենք: Կոչ եմ անում բոլորին որևէ ճանապարհ որևէ նպատակով չփակել: Երբ որ մենք ճանապարհը փակում էինք, մենք ասում էինք՝ Հայաստանում չկա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, այսօր կա իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, հետևաբար, ո՞ւմ դեմ ենք մենք ճանապարհ փակում», այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: