Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հորդորը քաղաքացիներին

277
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 22:50
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հորդորը քաղաքացիներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն առաջին աշխատանքային օրը անդրադարձել է այն կարծիքներին, որոնք հիմնականում հնչում են մարզերից. «Կան մտահոգություններ որոշակի մարդկանց մասին, շարժման մասնակիցների անուններ են շրջանառվում, որոնց իբր ցանկանում են առաջադրել մարզպետների պաշտոններում: Ուզում եմ հայտարարել, որ ըստ ՀՀ սահմանադրության, մարզպետների նշանակումն արվում է կառավարության կողմից, վարչապետի առաջարկությամբ:

Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն և դուք կունենաք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ամենայն պատասխանատվությամբ կկրեն իրենց ուսերին դրված բեռը:

Այսինքն, խնդրում եմ իմացեք, մտահոգությունները, որ կան, իրականության հետ որևէ կապ չունեն:

Վերջին 1 ամսվա ընթացքում, տարբեր մարդիկ, շարժման անունից հանդես գալով՝ մոտենում են գյուղերին ու պահանջում են գյուղապետերի հրաժարականները, ես՝ իմ ու շարժման անունից հայտարարում եմ, որ մեր շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան և բոլոր նրանց, ովքեր կատարել են նմանատիպ քայլեր, կոչ եմ անում ստահոդ տեղեկություններ չտարածել և մեր անունից հանդես չգան:

Երեկ առաջին փոխվարչապետ պարոն Միրզոյանի նախաձեռնությամբ մենք ունեցել ենք հանդիպում կաթի վերամշակմամբ զբաղվողների հետ: Արժանին պետք է մատուցել այն տնտեսվարողներին, որոնք լսելով փոխվարչապետի հորդորը, խոստացան, որ այս ամիս կաթի գինը կմնա նույնը: Ես այս ամենը փոխանցում եմ գյուղացիներին և կոչ եմ անում դադարեցնել փողոցները փակելու միջոցով փորձել ստանալ խնդիրների լուծումը, քանի որ այս կառավարությունն արդեն հասանելի է քաղաքացիներին, մենք ունենք պատասխանատու նախարարներ, խնդրանքս է՝ դիմել մեզ և խնդրի լուծումը հավուր պատշաճի տեղի կունենա»: