Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի». Ստեփան Ռոստոմյան

440
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 20:25
«Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի». Ստեփան Ռոստոմյան

Խորապես ցնցված եմ վերջին շաբաթների ընթացքում մեր հանրապետությունում տեղի ունեցող դեպքերից: Վաղուց չէի տեսել մեր ազգն այսքան համախմբված, երջանիկ և միմյանց հանդեպ սիրով լցված: Առավել ևս, հայտնություն էր բոլորիս համար «անկախության սերունդ» մեր երիտասարդությունը, որը դրսևորեց այնպիսի բարձր որակներ, որոնց մասին կերազեին ցանկացած ժողովուրդ և երկիր: Նրանք արթնացրին մեզ, ցուցանելով, որ տերն են թե՛ իրենց պատմության, թե՛ ներկայի և թե՛ երկրի ապագայի կերտման:

Դեռևս տասը տարի առաջ շվեյցարացի հայտնի թավջութակահար Իվան Մոնիգետին, լինելով մենակատարը մեր փառատոնի համերգների և առնչվելով երիտասարդության նույն որակների և հոգու հետ, ասաց. «Ինձ զարմացրին և հիացրին ձեր երիտասարդները. այն, ինչ տեսա այստեղ, ստիպում է ինձ մտածել, որ Հայաստանում է կերտվելու դասական երաժշտության ապագան»:

Անկախության սերնդով հաղթահարվեց վախը՝ ցեղասպանություն տեսած մեր ժողովրդի, խորհրդային տարիներին արմատավորված ստրկամտությունը, ինչպես նաև այն բարդույթը, որ պետք է խուսափել փոփոխություններից, առավել վատ վիճակի մեջ չհայտնվելու համար:

Պատմական հզոր նոր փուլ է սկսվում մեր ազգի և պետականության կյանքում:

Այժմ թռիչքային առաջընթացի ժամանակներ են և կատարվածը ժամանակի պահանջն է: Մեր օրերը այլևս չեն հանդուրժում իներցիան և գոյատևելը, ինչպես նաև քայլ առ քայլ, աստիճանաբար զարգացման ձևաչափը: Տիեզերական քայլեր են պետք, նոր հայեցակարգ, ազգային ծրագիր, կպահանջվեն նաև մեծ ռիսկեր՝ թռիչքներ անելու համար:

Բազում տարիներ խոսել եմ այն մասին, որ քսանմեկերորդ դարը հայերի դարաշրջանն է, անգամ փառատոնը 2000-ին անվանեցի «Քսանմեկի հեռանկարներ», ակնարկելով մեր ազգի փայլուն հեռանկարը նոր դարաշրջանում: Նույն ոգով և տեսլականով, անհավանական թվացող, սակայն կենսականորեն կարևոր երևույթները, մեր երկրի համար կարողացանք իրականություն դարձնել:

Համոզված եմ, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ սիրում է իր հայրենիքը՝ Հայաստանը, անհրաժեշտ պահին դառնալով մեկ ուժ: Ազգային ծրագիրն իր շուրջը կհամախմբի բոլորին՝ հնարավոր դարձնելով ամենակարճ ժամկետում կառուցել մեր նոր և հզոր երկիրը, ուր վայել է ապրել հաղթած և հերոս ազգի զավակներին: Հայը աշխարհի աղն է, և դա մեծամտություն չէ: Այսօր մեր երիտասարդությունը գիտակցում է իր առաքելությունը թե՛ սեփական երկրի ապագայի, թե՛ ողջ մոլորակի համար:

Որպես քրիստոնյա երկիր, մենք սիրով և հարգանքով ենք հարաբերվելու բոլոր երկրների և ազգերի հետ՝ հաղթահարելով առկա մարտահրավերները:

Աղոթում եմ, որ Աստված առավել շնորհ և իմաստնություն տա բոլորիս, առավել ևս՝ շարժման առաջնորդ և ազգային զարթոնքի որակների կրող Նիկոլ Փաշինյանին՝միասին կերտելու մեր ապագա չքնաղ Հայաստանը:

Ստեփան ՌՈՍՏՈՄՅԱՆ

«Երևանյան (Քսանմեկի) հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր