Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ խմբակցության հայտարարությունն՝ ամբողջությամբ

1214
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 21:15
ՀՀԿ խմբակցության հայտարարությունն՝ ամբողջությամբ

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին: Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա՝ հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները՝ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ:
Վահրամ Բաղդասարյան

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար»: