Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վարչապետի միակ թեկնածուն». արտասահմանյան ԶԼՄ-ներ

3226
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 14:20
«Վարչապետի միակ թեկնածուն». արտասահմանյան ԶԼՄ-ներ

Այսօր արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ԱԺ-ում մեկնարկած վարչապետի ընտրությանը:

Արտասահմանյան ԶԼՄ-ներն այսօր հաղորդում են.

«Վարչապետի միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը. Հայաստանը նոր վարչապետ է ընտրում»:

BBC-ն գրում է. «Պարոն Փաշինյանը, ով շաբաթներ շարունակ գլխավորեց Երևանում հակակառավարական ցույցերը, առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնին: Նա միակ թեկնածուն է: Սակայն պրն. Փաշինյանը հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է խոչընդոտել ընտրությանը: Բոլոր 47 ընդդիմադիրները պետք է քվեարկեն Փաշինյանի օգտին, սակայն ձայներ են անհրաժեշտ նաև ՀՀԿ-ից: ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է 1999թ-ից ի վեր: Պրն. Փաշինյանը պայքարում է կաշառակերության, աղքատության դեմ»:

Իր հերթին, National Post-ը գրում է. «Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց, որ երկիրը խորը քաղաքական ճգնաժամի մեջ կհայտնվի, եթե իշխող կուսակցությունը չաջակցի իր թեկնածությունը: Ընդդիմադիր գործիչն օրենսդիրներին նախազգուշացրեց նաև, որ իր չընտրվելու դեպքում Հայաստանում քաղաքական ցունամի է սպասվում»:

Seattle Times-ը նշում է, որ եթե վարչապետի պաշտոնում ընտրվի Նիկոլ Փաշինյանն, ապա Հայաստանում իշխանության դրամատիկ փոխանցումն իր կուլմինացիային կհասնի:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի միակ թեկնածու լինելու, ներհայաստանյան իրավիճակի մասին գրում են նաև Deutsche Welle, France24, Washington Post, Guardian և մի շարք այլ հեղինակավոր արտասահմանյան լրատվամիջոցներ:

Հավելենք, որ ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ անդրադառնալով Հայաստանում վարչապետի ընտրությանը, շեշտը դնում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա: Մասնավորապես, ТАСС գործակալությունը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունները՝ Ռուսաստանին ռազմավարական դաշնակից անվանելով: «Մենք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից ենք համարում, և մեր շարժումը դրա համար սպառնալիք չի ներկայացնի: Իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ»,- գործակալությունը մեջբերում է Փաշինյանի խոսքը: РИА «Новости»-ն, իր հերթին հաղորդում է, որ Փաշինյանն այսօր հայտարարել է այն ճնշումների մասին, որոնք գործադրում են խորհրդարանի պատգամավորների վրա երկրի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարության ղեկավարի ընտրությունը տապալելու նպատակով: «НТВ» և «Первый канал» հեռուստաալիքները ևս հաղորդում են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին:

Նշենք, որ վարչապետի ընտրության մեկնարկն ուղիղ եթերով հեռարձակում են նաև արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորապես, իր լսարանի համար ուղիղ եթեր էր ապահովել ամերիկյան CNN հեռուստաալիքը: