Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը». ՀԱԿ-ի հայտարարությունը

288
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 20:10
«Իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը». ՀԱԿ-ի հայտարարությունը

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը և այլ ակցիաները նոր թափ են հավաքում և ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա:

Բռնության են ենթարկվել նաև ակցիաները լուսաբանող լրագրողներ՝մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, ում Արարատի մարզի մի քանի գյուղապետեր և նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, և Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը:

Շարունակվում են ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով:

Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել և մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց և վնասել մեքենաները:

Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, ովքեր փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին:

Որոշ դեպքերում նման գործողություննեը ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից /օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան/:

Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության և կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների և հալածանքների վրա:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:

Հայ Ազգային Կոնգրես