Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. ՄԻՊ

291
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 13:15
Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. ՄԻՊ

Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը:

Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաև հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում Ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր:

Ստեղծված իրավիճակում անընդունելի են նաև պետության կարևորագույն գործառույթներ իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների շրջափակումները:

Զգալիորեն աճել են ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների խախտումներին: Պետք է ապահովել նաև երեխաների խիստ պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից:

Այսպիսի իրավիճակը հղի է մարդու իրավունքների լուրջ խախտումների սպառնալիքով, ինչպես նաև այդ խախտումները կանխարգելելու խոչընդոտների վտանգով:

Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մթնոլորտը լարող և բռնության դեպքերի վտանգ ստեղծող գործողություններից:

Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

Մարդու իրավունքների պաշտպան