Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Փաստաբանների պալատը վախ ներշնչող հայտարարություն է տարածել

436
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 01:25
Փաստաբանների պալատը վախ ներշնչող հայտարարություն է տարածել

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք ցավոք այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։

Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը։

Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինք ցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը, սակայն լինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված և եղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում տարածքային կորուստներ կրած և պատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։

Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով։

Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան