Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին

393
Ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ., 01:50
Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին

Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այն տպագրվել է Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ: Խմբագիրներ՝ Սոկրատ Խանյան, Սամվել Մուրադյան: Գրախոս՝ Անահիտ Աթայան:

«Նանար Պողոսյան բանաստեղծուհին իր կերպավորված զգայուն ու խոհուն քնարական հերոսով, որը, շաղկապելով տարբեր բաժինների ստեղծագործությունները, արցախյան ազատագրական հերոսամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործերը, խտացնում է պատերազմական ժամանակների արցախցի հպարտ ու արժանապատիվ հայուհու բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները»,- գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:

«…պատերազմական ապրիլյան օրերին նորօրյա մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած ապրիլյան պոեմը: Պոեմը սրտառուչ մի պատմություն է հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին: Համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցողին՝ առանձնապես գաղափարահուզական յուրատիպ լուծման տեսակետից»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը:

Տեղեկացնենք, որ գիրքն արդեն իսկ դրվել է ընթերցողի սեղանին: