Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ժառանգություն սերունդների համար» խորագրով ցուցահանդես՝ «Էրեբունի» թանգարանում

327
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 12:05
«Ժառանգություն սերունդների համար» խորագրով ցուցահանդես՝ «Էրեբունի» թանգարանում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կներկայացվի նոր ցուցահանդես, որի խորագիրն է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել»: Կրթադաստիարակչական ուղղվածություն ունեցող այս ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել ժառանգության ճանաչողության, արժևորման և պահպանության խնդիրները՝ երիտասարդ սերնդի մոտ պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելու նպատակով: Հուշարձանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Էրեբունի» թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որի տարեց երգիչներն Օրվա միջազգային խորագրին համահունչ իրենց պահպանած ժառանգությունը կփոխանցեն երիտասարդ ունկնդիրներին: «Էրեբունի» թանգարանում երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար կանցկացնի դասախոսություն՝ «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով, իսկ Օրվա ծրագիրը կեզրափակեն «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց անցկացնելով թանգարանում: «Էրեբունի» թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի հետ համատեղ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած Գիտելիքների փոխանցում սերունդներին և Երիտասարդական առաջնորդություն նշանաբաններով:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին, «Էրեբունի» թանգարանում, ժամը՝ 14:00-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ հունիսի 18-ը: