Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

«Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ». ՀԱԿ

97
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 20:35
«Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ». ՀԱԿ

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով և հազարավոր ցուցարների բողոքի ներքո:

Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, և որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:

Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որևէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջև և ազգային շահերն սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:

Նման պայմաններում բնական է հանրության և հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որևէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:

Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից ևբհալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաև ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի և առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:

Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը և պայքարը հանուն ժողովրդավարության հետևողականորեն շարունակվելու է մինչև վերջնական հաղթանակ:

Հայ Ազգային Կոնգրես