Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջաններում». Ա. Սմբատյան

425
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 20:10
«Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջաններում». Ա. Սմբատյան

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բավանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ՝ հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- ապրիլի 15-ին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սաեստրո Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին՝ փառատոնը նախաձեռնելու և իրականացնելու համար։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Սերգեյ Սմբատյանից, թե փառատոնի ընթացքում ներկայացվելիք բազմաթիվ համերգային ծրագրերից ո՞րն է դիրիժորի համար ամենադժվարն ու ամենակարևորը։ Մաեստրո Սմբատյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր համերգ առանձնահատուկ և կարևոր է, ու շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Այնուամենայնիվ, դիրիժորը նշեց, որ հատկապես կենտրոնացած է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի հոբելյանին, և որի ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։ Անչափ կարևոր է նրանց հետ կապը, փոխազդեցությունը բեմի վրա, այն առանձնահատուկ մթնոլորտը, որ ստեղծվում է նման փառատոների ընթացքում, այն էներգիան, զգացողությունը, որ ստանում են երաժիշտները՝ փոխանցելով այն ունկնդրին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։