Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

«Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք». Կարպիս Փաշոյան

243
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 13:10
«Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք». Կարպիս Փաշոյան

Նրանք ովքեր չարախինդ ցինիզմով կանխատեսում են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման դեմ պայքարի հավանական պարտությունը, հավանաբար գլխի չեն ընկնում, որ շարժման պարտությունը ոչ թե Նիկոլի պարտությունն է, այլ՝ ձախողումը Հայաստանի Հանրապետության: Եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա Սերժի բոլոր հաղթանակները իրենց սուր ծայրով ուղղված են եղել Հայաստանի հանրության դեմ, այսինքն այն ժամանակ, երբ Սերժը հաղթել է, Հայաստանի հանրությունը ծանր պարտություն է կրել:

Նիկոլ Փաշինյանն իմ երազանքների քաղաքական գործիչը չէ, և առհասարակ ես նրա գլխավորած քաղաքական ուժի հետ գաղափարական խորը և անլուծելի խնդիրներ ունեմ և հավանաբար ապագայում էլ կունենամ: Ավելորդ չի լինի նկատել, որ քաղաքական ուժի ստեղծման օրվանից ի վեր այն իմ կողմից մշտապես սուր ու անզիջում քննադատության է ենթարկել և ասվածի համատեքստում շատերի մոտ հնարավոր է և տարակուսանք առաջանա, թե համանման անհամաձայնության և քննական վերաբերմունքի տիրույթում ինչպե՞ս է հաջողվել համերաշխության եզրեր գտնել:

Խնդիրը հստակ է և միանշանակ: Ես ու իմ ընկերները մեր կանխատեսումներում այդքան էլ լավատես չենք, ավելի կոնկրետ՝ սկսել ենք զգալ բռնապետության գարշահոտը, որը քիմիական ամպի պես ծանրացել է Հայաստանի հորիզոնում՝ աղտոտելով երկնքի վճիտ կապույտը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը մեկ անձի իշխանության հավերժացման սպառնալիքն է: Բոլոր մյուս մարտահրավերները՝ Ադրբեջանական ագրեսիայից մինչև էկոլոգիական հիմնախնդիրներ դրա տրամաբանական ածանցյալներն են: Մտքներիցդ հանեք, Հայաստանը երբեք չի կարող դիմակայել Արդրբեջանին, քանի դեռ չունի կենսունակ քաղաքական համակարգ, իսկ մեկ անձի քմահաճույքների և շահերի վրա խարսխված համակարգը չի կարող լինել կենսունակ: Սա թերևս ՀՀ պատմության ամենամեծ արկածախնդրություններից մեկն է, որը վերահաս աղետի պես ծառացել է հայաստանցիների առջև:

Եվ այսպես, հաշվի առնելով պահի լրջությունը, մենք՝ բոլորս, պետք է մի կողմ թողնենք գաղափարական տարաձայնություններն ու անձնական խնդիրները և համերաշխություն հայտնենք ՔՊ-ի պայքարին: Հեղափոխությունից հետո դեռ կհասցնենք Նիկոլենց հետ բանավիճել, գորգոռալ, հայհոյել և այսպես շարունակ, բայց հիմա իրավիճակն այլ է: Մենք պետք է միավորվենք ու ջախջախենք Սերժ Սարգսյանի բուրգի նույնիսկ ամենավերջին քարը:

Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք, փողոցը մերն է, մենք էլ՝ փողոցինը, #քայլարա ու #ՄերժիրՍերժին:

Իսկ նրանք ովքեր դեմ չեն Սերժի իշխանության հավերժացման ձեռնարկին, ապա. Ալեքսանդր Սարգսյանը թո՛ղ շարունակի ուտել նրանց երեխաների ճաշիկի կեսը: