Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

394
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 19:10
Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն՝ առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%) պատվաստված չեն, իսկ 3-ը՝ թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է դառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել նաև բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները՝ հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են և ընկալունակ վարակի նկատմամբ: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաև հիվանդության թեթև կլինիկական ընթացքը 1 դեղաչափ պատվաստում ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են թեթև, «ոտքի վրա»՝ շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց հետ, նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաև դժվարացնելով համաճարակային շղթայի ընդհատումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: