Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը». Արմեն Սարգսյան

574
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 11:55
«Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը». Արմեն Սարգսյան

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության nախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանին և Նունե Սարգսյանին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը:

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար:

«Պարո՛ն նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունից բացի: Եվ կարծում եմ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,- ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: