Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ասուպի պես անցավ հայոց երկնակամարով՝ իր սերը, լույսն ու ջերմությունը տալով բոլորիս». մահացավ սիրված բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը

2240
Կիրակի, 08 ապրիլի, 2018 թ., 12:43
«Ասուպի պես անցավ հայոց երկնակամարով՝ իր սերը, լույսն ու ջերմությունը տալով բոլորիս». մահացավ սիրված բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը

Երկար ժամանակ տառապելով ծանր հիվանդությունից՝ գլխուղեղի քաղցկեղից, այսօր իր մահկանացուն կնքեց սիրված ու տաղանդավոր բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը: Նա ծնվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում, ապրում էր Երևանում, վարձակալած բնակարանում:

Ես տեսա երկնքի
Ու երկրի սիրախաղը,
Հողի տաք գրգիռը՝
Քարքարոտ լանջերին,
Երբ ոտքով բարձրացա
Մեծ գյուղի մեր թաղը,
Մուրազս պատմելով՝
Ձնհալի ջրերին․․․

Ես տեսա ծառերի
Սրթսրթան արթնացումը,
Անձրևի ժպիտը՝
Մի հատիկ կաթիլում,
Ես տեսա և լույսի
Շեշտակի թափանցումը՝
Դողացող կորիզի
Ամեն մի շաքիլում․․․

Ես տեսա հողի
Այն ներքուստ հրճվանքը,
Երբ խաղաց պտուղը՝
Կոնքերի արանքում,
Ես տեսա շրթունքի
Արնագույն նեղ ճաքը՝
Երկունքի ցավից ու
Բերկրանքից էր անկում․․․

Ես տեսա, ետ գնաց
Ամպերի հաստ փառը,
Աչքերից ճառագեց
Արևը՝ տաք , պայծառ,
Երբ ասի՝ մամ ջան,
Սիրտ քամող այս բառը,
Մի քանի մանուշակ
Պտղունցով լուռ պարզած...

* * * *

Մի քիչ էլ բեր ոտքս
Կախ գցեմ ու գնամ,
Գարուն գա արևոտ,
Շաղ գցեմ ու գնամ,
Բացատում՝ մասրենու
Մամխենու թփերով
Մի պուճուր դրախտան-
Բաղ գցեմ ու գնամ...

Խաղ գցեմ երգասաց
Սոխակին ու ծտին
Ձեն- ձենի մի սիրուն
Տաղ կցեմ ու գնամ.
Երկինքն ու երկիրը,
Ասում եմ, էս ցրտին
Վեր կենամ, մի օրով
Հալ գցեմ ու գնամ...

Խառնվեմ ջրերին,
Քամուն թե՝ կրակին,
Կառ գցեմ սիրահար
Սրտերը ու գնամ,
Աշխարհի էս անհամ
Կիսաեփ խորակին,
Ջիգյարով, մի պտղունց
Աղ գցեմ ու գնամ... (Մարո Երկնափեշյան)

Մարո Երկնափեշյան «Սուրբ մայրիկիս». կարդում է Աննա Կոստանյանը

Ֆեյսբուքյան օգտատերերը սգում են իրենց սիրելի բանաստեղծուհու մահը. «Մարոʹ, իմ խորախորհուրդ ու տաղանդավոր, գնացիր ու միացա՞ր հանճարեղների երամին, ցա՞վը հաղթեց քեզ....... Օօօօօօ՜ չէʹ չէʹ Մարո ջան, իմ հրաշք ու հորովելածին Մարո, այդ դուʹ հենց դոʹ հաղթեցիր ցավին էլ, մահին էլ ու ջիգյարով մի բուռ աղ գցեցիր մեր անհամ կյանքին ու գնացիր....... Գնացիր՝ աչքդ պահած կորնգանաշատ դաշտերին, մայրիկիդ կաթնահամ ձեռքերին՝ հավատալով, որ երջանկությունը սիրո ու բարության անմնացորդ նվիրումի մեջ է». Անի Մարգարյան:

«Ասուպի պես անցավ հայոց երկնակամարով՝ իր սերը, լույսն ու ջերմությունը տալով բոլորիս... Բանաստեղծ էր և հզոր կամքի տեր անձնավորություն: Իր կարճ ու հիվանդագին, բայց բովանդակալից կյանքի օրինակով շատ բան սովորեցրեց հայերիս. սիրել ու սիրունացնել կյանքը, պայքարել կյանքի, սիրո, հայրենիքի համար... Հոգիդ լուսավորվի Մարո ջան, կյանքդ կարճ եղավ բալիկ ջան, բայց անունդ միշտ կմնա մեր սրտերում». Սամվել Պողոսյան: