Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․ Կրթական քաղաքացիական նախաձեռնության պահանջը՝ բուհերին և դասախոսներին

528
Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 14:45
Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․ Կրթական քաղաքացիական նախաձեռնության պահանջը՝ բուհերին և դասախոսներին

Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԵՊՀ դասախոսական կազմին զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․

ԿՔՆ պահանջ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրել է մի շարք առանձնազրույցներ և ճնշում գործադրելու փորձեր բուհերի՝ հատկապես ԵՊՀ դասախոսների և վարչական աշխատողների կողմից։ Այսպես, չարաշահելով իրենց աշխատանքային դիրքը ուսանողներին փորձել են նահապետական խորհուրդնել տալ, նրանց վախեցնել կամ ետ պահել ակտիվ գործունեությունից հետևյալ դասախոսները․

1․ Էդգար Քալանթարյան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան - Մարտի 20-ին կանգնել է ԵՊՀ Պալեանների դահլիճի դիմաց և թույլ չի տվել, որ ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը՝ զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին:

2․ Արծրուն Ավագյան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան – Մարտի 26-ին առանձնազրույց է ունեցել առաջին կուրսի ուսանողուհի Անի Հակոբջանյանի հետ և փորձել է զգուշությամբ հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի Անին այլևս քաղաքացիական ակտիվություն չդրսևորի:

3․ Ալիկ Ղարիբյան, ԵՊՀ աշխատակազմի ղեկավար – Մարտի 22-ին ներխուժել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրս և փորձել է սաստել ակտիվ ուսանողներին և խրատել է նրանց, որպեսզի չխայտառակեն համալսարանը։

Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․ Կրթական քաղաքացիական նախաձեռնության պահանջը՝ բուհերին և դասախոսներին
Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․ Կրթական քաղաքացիական նախաձեռնության պահանջը՝ բուհերին և դասախոսներին

Նմանօրինակ գործողություններն իրենցից ներկայացնում են դասախոսական դիրքի և բուհի վարչական ռեսուրսի չարաշահում, դուրս են ՀՀ օրինական շրջանակներից և հատուկ են բռնաճնշումներ իրականացնող ավտորիտար համակարգերին։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում տվյալ պրակտիկայի առկայությունը ՀՀ կրթական համակարգում։ Պահանջում ենք ռեկտորներին անհապաղ դադարեցնել հեռախոսազանգերը այս կամ այն ֆակուլտետի կամ ամբիոնի ղեկավարությանը և առանձին դասախոսներին՝ նրանցից ակնկալելով սանձահարել ակտիվ ուսանողներին։

Բուհն ուսանողինն է և ուսանողն իրավունք ունի բուհում ծավալել լիարժեք գիտական, կրթական և բանավիճային գործունեություն, ստեղծել ուսանողական խմբեր ակադեմիական և հասարակական հետաքրքրության այլ թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։

Պահանջում ենք զերծ մնալ նահապետական և հետադիմական մեթոդներով ուսանողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից և հարգել ուսանողների հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Նման քայլերի կրկնվելու դեպքում խոստանում ենք հանրայնացնել դրանց մանրամասներն ու իրավական քայլեր ձեռնարկել»,- նշված է Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի տարածած հայտարարության տեքստում: