Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Էդ դեղատոմսով դեղերը, որ պիտի ստանան, կարո՞ղ է մեջները կեղծ դեղեր կան». Մ. Մելքումյանը՝ փոխնախարարին

369
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 15:10
«Էդ դեղատոմսով դեղերը, որ պիտի ստանան, կարո՞ղ է մեջները կեղծ դեղեր կան». Մ. Մելքումյանը՝ փոխնախարարին

«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին. «Դուք համալիր նախապատրաստվա՞ծ եք այս միջոցառումն իրականացրել, թե՞, ինչ-ինչ հանգամանաքներ, ռիսկեր հաշվի չեք առել, հիմա բախվել եք այդ ռիսկերին, նոր մտածում եք, թե ինչ անեք: Կայի՞ն խնդիրներ, որոնք նախքան դեղերը դեղատոմսերով բաց թողնելու որոշում կայացնելը, չէիք կանխատեսել»: Երկրորդ՝ էդ դեղատոմսով դեղերը, որ պիտի ստանան, կարո՞ղ է մեջները կեղծ դեղեր կան, թե՞ 100%-ոց դեղերն են: Չէ՞ որ մենք հաճախ լսում ենք, որ մարդիկ, որոնք գնում են Եվրոպա, մեր համաքաղաքացիները նրանցից դեղեր են պատվիրում: Եթե այդ դեղերն էստեղ կան, այդ ի՞նչ դեղեր են, որ պետք է դրսից բերեն»:

Առաջին հարցի վերաբերյալ ԱՆ փոխնախարարն ասաց՝ այո, կային կանխատեսումներ, որ հիվանդների հոսքերը կավելանան, ինչն այդպես էլ եղավ. «Այդ պատճառով կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություն մտցվեց՝ փուլայնության մասին է խոսքը: Որոշումը տարածվեց միայն հակաբիոտիկների վրա, հուլիսի 1-ից միայն լուծույթների վրա, այնուհետև, հոկտեմբերի 1-ից, միայն դեղերի ամբողջ ցանկի վրա»:

Կեղծ դեղերին առնչվող հարցի վերաբերյալ էլ Ս. Խաչատրյանն ասաց, որ դեղատոմսը փաստաթուղթ է, որն անցնելով բժշկի ձեռքից հիվանդին՝ ապա դեղատանը, հստակ փոխհարաբերություններ ու պատասխանատվություն է կառուցում բժշկի կողմից իր նշանակած դեղերի, բուժման ու դեղատան կողմից դեղերը բաց թողնելու համար: «Դեղատոմսը տեսանելի է դարձնում դեղի շարժը, կարելի է հասկանալ՝ ով է ներմուծել, ով է նշանակել, տալ գնահատականներ ու կատարել քաղաքական որոշումներ»,- պարզաբանեց փոխնախարարը: