Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անուղղակի մեղադրել, թե Անահիտ Բախշյանն ուրացել է իր ամուսնու արյունը, կներեք, այլ անվանում ունի, որը չեմ ուզում գրել». Սաֆարյանը՝ «Երկիր ծիրանի»-ին

354
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 21:20
«Անուղղակի մեղադրել, թե Անահիտ Բախշյանն ուրացել է իր ամուսնու արյունը, կներեք, այլ անվանում ունի, որը չեմ ուզում գրել». Սաֆարյանը՝ «Երկիր ծիրանի»-ին

Կարդացի Երևանի ավագանու նիստում Մարինա Խաչատրյանի ելույթը, որտեղ... կներեք... իսկապես բարոյականության սահմանների սահմանազանցում կա մասնավորապես Անահիտ Բախշյանի հանդեպ: Ու որքան էլ Ելք-ից ԵԾ-ին կոշտ հակադարձել էր Վազգեն Սարգսյանի սանիկը՝ Անի անունով, զարմանալի էր, որ Մարինան հակադարձելիս բոլոր ալիքները խառնեց ու թույատրված սահման անցավ նաև Բախշյանի նկատմամբ՝ հայտարարելով, թե «այսօր մեր քաղաքի կառավարումը զավթել են մարդիկ, որոնցից մեկի հայրը նշածս գործողության հեղինակն է եղել, երկրորդի ամուսինը սպանվել է, երրորդի քավորն է սպանվել, այսօր այդ մարդիկ համագործակցում են այս հանցավոր իշխանությունների հետ, նրա մի մասն են կազմում և ծառայում են դրան: Մի՞թե այդ մարդիկ այդ ամենից հետո պետք է գնային և մեդալ վերցնեին, և ոչ թե՝ թքեին Սերժ Սարգսյանի ճակատին և ասեին՝ դու սպանեցիր իմ ամուսնուն»:

Ես Անահիտ Բախշյանին ճանաչում եմ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ու ոչ միայն տեղյակ եմ, թե ինչեր նա փորձեց անել այդ հանցագործության բացահայտման համար ու պարտակման դեմ, այլ նաև մարդկայնորեն գիտեմ նրա ու իր զավակների չսպիացող վերքն ու վիշտը: Ու կանգնել, լեզվի տակ ոսկոր չունենալ, անուղղակի մեղադրել, թե Անահիտ Բախշյանն ուրացել է իր ամուսնու արյունը, կներեք, այլ անվանում ունի, որը չեմ ուզում գրել....

Մարինա ջան, տգեղ էր, սարսափելի տգեղ էր ու իմ ընկեր Զարուհին չպետք է թողներ, որ այդպիսի ելույթ ունենայիք, որովհետև ակնհայտորեն դուք հետ99յան ոչ մի բանից տեղյակ չեք, քրեական գործի նյութերին ու վարկածներին, թե այն ժամանակվա որ պաշտոնյայի նկատմամբ ինչ ապացույցներ կան կամ կարող են լինել ու ըստ այդմ՝ ում կարող էր Անահիտ Բախշյանը մեղավոր համարել հոկտեմբերի 27-ի կազմակերպելու ու իր ամուսնուն սպանելու մեջ: Մի խոսքով, սարսափելի տգեղ էր... Տա՛ Աստված, ոչ մի մարդ ու կին չզգա Անահիտի ցավը, բայց թող նաև այդ ցավը բարեբախտաբար չտեսածները դասեր չտան, թե ինչպես պետք է Անահիտը պահի իրեն իր ամուսնու հիշատակը հարգելու առումով...

Իսկ պատվոգրի մասով արդեն պարզաբանել եմ որպես ականատես՝ Անահիտը չի որոշել, կամ էլ Սերժ Սարգսյանը չի որոշել, թե ով պետք է պառլամենտական լավ աշխատանքի պարգև ստանար: Դա մենք կուսակցությունով ենք որոշել ու Անահիտն էլ, Զարուհին էլ, Լարիսան էլ, Արմենն էլ, Րաֆֆին ու Վարդանն արժանի էին գնահատանքի:

Հ.Գ. Ավագանու հայտնի նիստում Մարինայի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ տարբեր քննարկումներում չեմ վարանել պաշտպանել նրա իրավունքը, այն է՝ սեփական պատկերացումներով կառուցելու ավագանու անդամի իր գործությունեությունը, բողոքը և այլն, և ոչ մեկ իրավունք չուներ նրա նկատմամբ բռնություն կիրառել, և ընդհանրապես սահմանափակեր ավագանու անդամի գործունեությունը: Այնպես որ, կանխակալության մեջ մեղադրելու տեղ չկա: