Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

««Բազե»-ների մի ամբողջ խմբի եք փոխանցել Ձեր փորձը, որոնք մեկ հրահանգով նետվում են «մարտի» ընդդիմադիրների դեմ». Սաքունցի արձագանքը՝ Սերժ Սարգսյանին

330
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 20:35
««Բազե»-ների մի ամբողջ խմբի եք փոխանցել Ձեր փորձը, որոնք մեկ հրահանգով նետվում են «մարտի» ընդդիմադիրների դեմ». Սաքունցի արձագանքը՝ Սերժ Սարգսյանին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցին. «Քսան տարի ձեր «երիտասարդներին» Ձեր փորձն իբր չեք փոխանցե՞լ։ Շատ լավ էլ փոխանցել եք, մի ամբողջ Բազեների խմբի եք փոխանցել, որոնց բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մեկ հրահանգով նետվում «մարտի» ընդդիմադիրների դեմ։
Հա, իսկ եթե պետք է էլի փոխանցեք, առանց վարչապետի պաշտոնի էլ կարող եք փոխանցել՝ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդելով կամ ՀՀԿ քաղաքական դպրոցի ռեկտորի պաշտոնում։ Մենք հարկեր չենք վճարում Ձեր ուսուցման կամ դասավանդման համար։
Ավելին, մեր հարկերը ժողովրդավարության, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության համար են, ոչ թե բռնապետության համար։
Իսկ սուտ խոսելը բոլոր դեպքերում ընդօրինակման արժանի չէ։
Սիրուն չի, պարոն, սիրուն չի»,- գրել է Սաքունցը։

Հիշեցնենք՝ Սարգսյանն այսօր ասել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ իրեն երբեք չի համարել...: «Չգիտեմ՝ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունն, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»,- նշել է Սերժ Սարգսյանը: